ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է

Դուք այցելել եք որպես Гость | Իմ էջը | Անդամագրվել | Մուտք


jesus-troubled-look




Ինչո՞վ բացատրել, երբ գրեթե ամեն գիշեր՝ երազում տեսնում եմ մահացած մարդկանց, լինում հետաքրքիր վայրերում, որտեղ երբևէ չեմ եղել:

Երազների մասին հարցերը հուզում են շատ մարդկանց: Սակայն Աստվածաշնչից, մեր եկեղեցու վարդապետությունից հայտնի է, որ երազները հիմնականում մեր մտքերի, ենթագիտակցության, արտաքին աշխարհից ստացած առատ տեղեկատվության արդյունք են: Այսինքն, այդ ահռելի տեղեկատվությունը չի տեղավորվում մարդու գիտակցության մեջ և արտահայտվում է ենթագիտակցության միջոցով՝ երազների ժամանակ: Աստվածաշնչից հայտնի է, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ Աստված երազների միջոցով խոսել է մարդկանց հետ: Այդպիսի հրաշալի դեպքեր կան նաև մեր եկեղեցու ավանդության մեջ: Սակայն կարևոր է հիշել մի հանգամանք ևս: Երբ Աստված երազների միջոցով խոսում է որևէ մեկի հետ, նախ հաստատում է, որ այդ երազն Աստծուց է, և հետո ինչ-որ ձևով տալիս այդ երազի բացատրությունը: Ձեր երազների մասին, ցավոք, հնարավոր չէ ոչինչ ասել: Ինքներդ փորձեք հասկանալ, դրանք ենթագիտակցության արդյունքն են, թե՞ զգացմունքների արտահայտություն: Գուցե այդ երազներն ունեն իրենց բացատրությունը, բայց միշտ պետք է հեռու մնալ տարբեր երազահաններից, բախտագուշակներից և այլ` ոչ քրիստոնեական մեթոդներից:

Ի՞նչ է ճշմարտության որոնումը:

Ճշմարտության որոնումը կարելի է հասկանալ նաև որպես Աստծո որոնում: Ճշմարտությունը մեկն է: Ինչպես Քրիստոս Ինքն է ասում. «Ես եմ Ճանապարհը, և Ճշմարտությունը, և Կյանքը» (Հովհ 14 ։ 6)։ Մարդիկ կյանքի ընթացքում իրենց համար բազում ճշմարտություններ են բացահայտում, որոնք տրամաբանության արգասիք են: Ով կամենում է իրական ճշմարտություն որոնել, նախ և առաջ պետք է հասկանա, որ դուրս է եկել աստվածճանաչողության դժվար ճանապարհին: Բայց աստվածճանաչողությունը չի կայանա, եթե այն չսկսվի անձի ինքնաճանաչողությունից: Պետք է հասկանալ, թե ո՞վ ենք և ինչի՞ համար ենք ապրում: Ձգտելով դեպի մաքրություն՝ մարդը գալիս է այն մտքին, որ պետք է փնտրել Աստծուն` ճշմարտությունը:

Ի՞նչ տարբերություն կա հավատի և ներշնչանքի մեջ:

Հավատը և ներշնչանքն Աստվածպաշտության պարագայում անգամ իրար հետ եզր չունեն: Ներշնչանքը սեփական ուժերով իր օրգանիզմի հաշվին կատարվող ակտն է, իսկ Աստծուն հավատալով ոչ թե անզոր էակի է մարդը փորձում վստահել, այլ ամենազորին, Ով կարող է նրա կեսակերպի մեջ գործնական մասնակցություն ունենալ:

Ուժեղ թե՞ թույլ մարդն է գործում ինքնասպանություն:

Այս հարցի վերաբերյալ երկու կարծիք կա և սպառիչ պատասխան տալն անհնար է: Տարբեր են իրավիճակները և մարդկանց մոտեցումները: Հայ Առաքելական Ս.եկեղեցին դատապարտում է ինքնասպանությունը` որպես հուսահատության, աստվածմերժության դրսևորում: Մարդ ինքնասպանության է դիմում սովորաբար այն ժամանակ, երբ որևէ դժվարություն անհաղթահարելի է թվում: Այդ Աստծո հանդեպ թերահավատություն է: Ոմանց թվում է, թե ինքնասպանները միայն ուժեղ մարդիկ են, սակայն նրանք թույլ են, որովհետև ընկրկում են դժվարության առաջ: Բացի այդ ինքնասպանները չեն հավատում, որ Աստված կարող է օգնել իրենց:

Կին հովիվ լինո՞ւմ է:

Հայ Առաքելական եկեղեցին  չի ընդունում կանանց ձեռնադրությունն իբրև քահանաներ կամ հովիվներ: Քանի որ այդ ավանդույթը կամ շնորհաբաշխությունը չկա Հիսուսի կյանքի առաքելական շրջանում կամ առաջին եկեղեցիների կյանքում: Բոլոր ավանդական եկեղեցիների համար Քրիստոսի տնօրինությունները երբեք պատահականության արդյունք չեն և ոչ էլ ժամանակի մտայնության կամ ընկերային կյանքի պարտադրած օրինաչափություններ: Հիսուս շատ հաճախ ամբողջությամբ հեղաշրջում էր օրենքների հասկացողությունը և այլ մեկնաբանություններ էր տալիս նրանց գործադրության համար, որով արտահայտվում է Նրա հստակ կամքն ու կարգադրությունը: Սակայն դա չի նշանակում, որ մեր եկեղեցին տեղ չունի կանանց համար: Ունեցել ենք միանձնուհիներ, որոնք հոգևոր աստիճաններ են ստացել` սարկավագություն: Նրանց է վստահվել եկեղեցու կրթության, դաստիարակության, բարեգործության և խնամատարության գործերը: Շարունակում ենք այս առողջ և հստակ ավանդույթը, որը խախտելու ոչ մի պատճառ չունենք:

Հարց Աստված մեկին օժտել է որոշակի ունակություններով, որը չի գործածում բարի գործերի համար: Դա մե՞ղք է Աստծո դեմ:

Պատասխան Աստված մարդկանց զանազան շնորհներով է օժտել եւ այդմ էլ արդյունք է ակնկալում: Աստվածատուր շնորհներն ի տեղին գործադրողին սպասում է գովեստ եւ պարգեւ, իսկ անգործության մատնողին՝ դատապարտություն եւ պատիժ (տես Մատթ. 25:14-30, Ղուկ. 19:11-27):

Հարց Պարտադի՞ր է մեղքերը մեկ-մեկ խոստովանել:

Պատասխան Պարտադիր է խոստովանել այն մեղքերը, որոնք մարդը հիշում է, իսկ որը չի հիշում, բնական է, որ չի կարող: Դրա համար եկեղեցու հայրերը սահմանել են ընդհանրական խոստովանությունը, երբ մարդն ուղղակի ընթերցում է այն տեքստը, որի մեջ կան գրեթէ բոլոր մեղքերը եւ նաեւ նրանք, որոնք չի հիշում:

Հարց Ո՞ր մեղքերն են, որ չեն ներվում:

Պատասխան Ավերտարանը հստակորեն նշում է, որ կա միայն մեկ մեղք, որը չի ներվում: Այն Սուրբ Հոգու դեմ հայհոյությունն է: Սակայն, դրա տակ ինչ է թաքնված, դժվար է ասել: Դրա վերաբերյալ կան տարբեր մեկնություններ:

Հարց Կա՞ն մեծ կամ փոքր մեղքեր։ Մարդու մեղավորության աստիճանը չափելի՞ է:

Պատասխան Մատթեոսի ավետարանի 12:31-32 հատվածում մեր Տիրոջ՝ Հիսուսի պատգամը լավագույն պատասխանն է այս հարցին։ Մեր Տերը մարդու մեղավորության հստակ աստիճանաչափն է։ Այո, այսօր կան սահմանված քաղաքացիական և եկեղեցական օրենքներ, որոնք մարդու մեղավորության աստիճաններն են որոշում։ Հայ եկեղեցու ժամագրքում տեղադրված Մեղքերի խոստովանության մեջ նկարագրվում են տարբեր մեղքեր, որոնցից միայն յոթն են համարվում մահացու։

Հարց Եթե մի անգամ մեղքի համար զղջացել ու ապաշխարել ես, սակայն երկրորդ անգամ նույն մեղքի առաջ ես հայտնվել, ինչպե՞ս վարվել:

Պատասխան Աստծո ողորմածությունը մեզ պիտի մղի, որպեսզի կամա-ակամա մեղքեր գործելիս հույս, հավատ ունենանք, որ Աստված կների մեր մեղքերը: Բայց դա չի նշանակում, որ միշտ կարող ենք արժանանալ թողության: Ըստ հոգեւոր հայրերի, այն մեղքերը, որոնց համար մարդ զղջում է ապաշխարում, չպետք է կրկնվեն: Այլապես մեղքը ծանրանում է եւ հաջորդ զոհողությունն ավելի մեծ կլինի:



(Պատասխանները ըստ Առաքելական Եկեղեցու)




Ցանկ

Վիճակագրություն


Online

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0





ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է

ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՔԵԶ